Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԿԽՄԿ-ին տրամադրվել է զոհված զինծառայողների աճյունների և անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի քարտեզ

ԿԽՄԿ-ին տրամադրվել է զոհված զինծառայողների աճյունների և անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի քարտեզ
17.11.2020 | 22:14

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին:


Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Բալայանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիետի պատվիրակության ներգրավմամբ՝ սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորված անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Հայկական կողմը ԿԽՄԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է հատուկ մշակված քարտեզ` զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի հստակ տեղանշումներով, որն ամենօրյա թարմացված ռեժիմով տրամադրվելու է ԿԽՄԿ պատվիրակությանը` որոնողական աշխատանքների առավել օպերատիվ իրականացման նպատակով:


Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների մեկնարկի կարևորությունը:
Իր հերթին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, կշարունակի իր միջնորդական մարդասիրական առաքելությունը վերը նշված գործընթացի իրականացման ուղղությամբ:
Հայկական կողմը ևս մեկ անգամ կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Բաքվում իր պատվիրակության միջոցով ու իր իրավազորությունների շրջանակներում, առավել համոզիչ կերպով բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ` զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման աշխատանքների իրականացման, անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և վերջիններիս կանոնավոր այցելությունների կազմակերպման ուղղությամբ:


Կարևորվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական կողմի համատեղ աշխատանքների ներդաշնակեցման ապահովումը:
Օգտվելով առիթից՝ Գաբրիել Բալայանը ողջունել է շուրջ մեկ ամսից պատվիրակության ղեկավարի պարտականությունները ստանձնող Թիերի Ռիբոյին՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում:

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ